Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության զինված ուժեր, ԽՍՀՄ ԶՈւ (անգլ.՝ Вооружённые Силы Союза Советских Социалистических Республик), պետական ռազմական կառույց նախկին ԽՍՀՄ-ում։
ԽՍՀՄ ԶՈՒ-ի կառուցվածք
ԽՍՀՄ ԶՈՒ կազմված է եղել ռազմավարական նշանակության հրթիռային, ցամաքային, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերից, ռազմաօդային ուժերից (ՌՕՈՒ), ռազմածովային նավատորմից (ՌԾՆ), ԶՈՒ-ի թիկունքից, քաղաքացիական պաշտպանության շտաբներից և զորքերից։ Դրանք, իրենց հերթին, բաժանված են եղել զորատեսակների, հատուկ զորքերի և այլն։ Զինված ուժերի ղեկավարությունը վստահված է եղել ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեին, ԽՍՀՄ գերագույն խորհրդին և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին։
ԽՍՀՄ ԶՈՒ-ի ղեկավարություն
ԶՈՒ-ի անմիջական ղեկավարությունն (բացի սահմանապահ և ներքին զորքերից) իրականացվել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կողմից՝ պաշտպանության մինիստրի գլխավորությամբ։ ԶՈՒ-ի յուրաքանչյուր տեսակ ղեկավարել է համապատասխան գլխավոր հրամանատարը, ով եղել է պաշտպանության նախարարի տեղակալը։ Սահմանապահ և ներքին զորքերը ղեկավարել են համապատասխանաբար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ) և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը։
Պաշտպանության մինիստրության կազմի մեջ են մտել ԶՈՒ Գլխավոր շտաբը, ԶՈՒ-ի տեսակների գլխավոր հրամանատարների վարչությունները և այլն։ ԽՄԿԿ Կենտկոմը ԶՈՒ-ում կուսակցական-քաղաքական աշխատանքն իրականացրել է խորհրդային բանակի և ՌԾՆ-ի գլխավոր քաղաքական վարչության միջոցով։ ԶՈՒ-ի նյութական ապահովությունն իրականացրել են թիկունքի վարչություններն ու ծառայությունները, որոնք ենթարկվել են պաշտպանության մինիստրի տեղակալ ԶՈՒ-ի թիկունքի պետին։
ԽՍՀՄ տարածքի ռազմական բաժանում
ԽՍՀՄ տարածքը բաժանված է եղել ռազմական օկրուգների։ Նախկին սոցիալիստական ճամբարի պետությունների համատեղ անվտանգությունն ապահովելու, դաշնակցային պարտավորությունը կատարելու համար ՄԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ, ՀԺՀ և ՉԽՍՀ տարածքներումում ժամանակավորապես տեղավորված են եղել սովետական զորախմբեր[փա՞ստ]։ ԶՈՒ-ի տեսակներում, ռազմական օկրուգներում, բանակներում, նավատորմերում ստեղծված են եղել ռազմական խորհուրդներ։ Զինված ուժերը համալրվել են սովետական քաղաքացիներից՝ ընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Զինակոչվել են 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները՝ 1, 5-3 տարով։ Սպայական կադրերը, որոնք պատրաստվում են ռազմական ուսումնարաններում, համալրվում են կամավոր սկզբունքով։ Սովետական բանակի և ՌԾՆ-ի պատմությունն սկսվում է աշխարհում առաջին սոցիալիստական պետության կազմավորման ժամանակաշրջանից։
Կարմիր բանակի և նրա զորամասերի կազմավորում
Սովետների համառուսաստանյան 2-րդ համագումարի որոշմամբ (1917-ի հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8)) ստեղծվեց ռազմածովային կոմիտե, որը 1917 թվականի հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9)-֊ից կոչվեց ռազմածովային գործերի ժողկոմխորհ, 1917 թվականի դեկտեմբերից՝ ռազմական կոմիսարների կոլեգիա։ 1918 թվականի փետրվարին ստեղծվեց երկու ժողկոմատ՝ ռազմական և ռազմածովային գործերի։ 1918 թվականի հունվարի 15(28)-ին ժողկոմխորհը դեկրետ ընդունեց կամավոր սկզբունքով բանվորագյուղացիական կարմիր բանակ (ԲԳԿԲ), իսկ հունվարի 29 (փետրվարի 11)-ին՝ բանվորագյուղացիական կարմիր նավատորմ (ԲԳԿՆ) ստեղծելու վերաբերյալ։ Հարձակման անցած գերմանական զորքերի դեմ կռվելու համար սովետական կառավարությունը 1918 թվականի փետրվարի 21-ին Լենինի գրած «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» կոչ-դեկրետով դիմեց ժողովրդին։ Սկսվեց կամավորների զանգվածային ցուցակագրումը կարմիր բանակ և դրա զորամասերի կազմավորումը։ Ի նշանավորումն բոլշևիկյան ուժերի ընդհանուր զորահավաքի և Փետրվարի 23-ին զավթիչներին ցույց տված դիմադրության, այդ օրը ԽՍՀՄ-ում նշվել է իբրև համաժողովրդական տոն՝ սովետական բանակի և ՌԾՆ-ի օր։ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի տարիներին ԲԳԿԲ և ԲԳԿՆ-ի կառուցումն ընթանում էր բարդ պայմաններում։ ԲԳԿԲ-ի և ԲԳԿՆ-ի համալրումը կամավորներով չէր կարող ապահովել զանգվածային կանոնավոր բանակի ստեղծումը։ 1918 թվականի ապրիլի 20-ի տվյալներով կարմիր բանակում կար ընդամենը մոտ 200 հազար մարդ։ 1918 թվականի հուլիսի 10-ին Սովետների համառուսաստանյան 5-րդ համագումարը որոշում ընդունեց աշխատավորների (18-40 տարեկան) համընդհանուր զինապարտության հիման վրա կարմիր բանակ կազմակերպելու, բանակում և նավատորմում զինվորական կոմիսարների ինստիտուտ մտցնելու մասին։ 1918 թվականի սեպտեմբերի սկզբին կարմիր բանակում արդեն հաշվվում էր 550 հազար մարդ։ 1918 թվականի սեպտեմբերի 6-ին ստեղծվեց Հանրապետության ռազմահեղափոխական խորհուրդ (ՀՌՀԽ), որն իրականացնելու էր զորքերի օպերատիվ և կազմակերպական ղեկավարությունը։ Պատճառաբանելով, որ «իմպերիալիզմը կարող է նոր հարձակումներ նախատեսել», Լենինը առաջ քաշեց 3 միլիոնանոց բանակ ստեղծելու ծրագիր։ 1918 թվականի սեպտեմբերին ստեղծվեց ՀՌՀԻ-ի Դաշնային շտաբ (1921 թվականի փետրվարից՝ ԲԳԿԲ-ի շտաբ), որը ենթարկվում էր գլխավոր հրամանատարին և զբադվում զորքերի նախապատրաստմամբ ու ռազմական գործողությունների ղեկավարությամբ։
Բանվորա-գյուղացիական պաշտպանության խորհուրդ
1918 թվականի նոյեմբերի 30-ին ստեղծվեց Բանվորա-գյուղացիական պաշտպանության խորհուրդը (ռուս.՝ Совет Рабочей и Крестьянской Обороны)՝ Վլադիմիր Լենինի գլխավորությամբ։ 1919 թվականի մարտին, ՌԿԿ 8-րդ համագումարը հավանություն տվեց ռազմական կառուցման լենինյան ճանապարհին, հակահարված հասցրեց, այսպես կոչված, ռազմական ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք դեմ էին կանոնավոր բանակ ստեղծելուն, հին զինվորական մասնագետների օգտագործմանը։ Համագումարը որոշեց ստեղծել ՀՌՀԽ-ի քաղաքական բաժանմունք, որը 1919 թվականի մայիսին վերակազմվեց քաղվարչության։ 1919 թվականի վերջին կարմիր բանակում կար 3 մլն, 1920 թվականի աշնանը՝ 5, 5 միլիոն մարդ։ Բանվորները կազմում էին 15%, գյուղացիները՝ 77% և այլք՝ 8%։
Կարմիր բանակի ստեղծմանը զուգընթաց զարգանում էր մարքսիստական-լենինյան քարոզչության վրա հիմնված խորհրդային ռազմական գիտությունը։ Ստեղծվեցին կարմիր բանակի առաջին կանոնադրությունները։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո կարմիր բանակն անցավ խաղաղ դրության և կրճատվեց 10 անգամ։ 1923 թվականին վերստեղծվեց ռազմական և ծովային գործերի միացյալ ժողկոմատը։ Ռազմական ռեֆորմի ընթացքում 1924-1925 թվականին կրճատվեց և նորացվեց կենտրոնական համակարգը, մտցվեցին զորամասերի և միավորումների նոր հաստիքներ։ 1925 թվականին ընդունվեց ընդհանուր միութենական օրենք «Պարտադիր զինծառայության մասին», որն ամրապնդեց ռազմական ռեֆորմի միջոցառումները։
1937 թվականին բանակի և նավատորմի շարքերում կար 1, 5 մլն, 1941 թվականի հունիսին՝ մոտ 5 միլիոն մարդ։ 1934 թվականին ԽՍՀՄ ԿԳԿ վերացրեց ԽՍՀՄ ՌՀԽ, ռազմական և ծովային գործերի ժողկոմատը վերանվանվեց ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմատ։ 1935 թվականին ԲԳԿԲ-ի շտաբը վերակազմվեց Գլխավոր շտաբի։ 1937 թվականին ստեղծվեց ընդհանուր միութենական ՌԾՆ-ի ժողկոմատ, կարմիր բանակի քաղվարչությունը վերանվանվեց քաղաքացիական պրոպագանդայի գլխավոր վարչություն։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվեց «Համընդհանուր զինապարտության մասին» օրենք։ Բարելավվեց բանակի սոցիալական կազմը, զինվորների և կրտսեր հրամանատարական կազմի 40-50%-ը այսպես կոչված բանվոր դասակարգի ներկայացուցիչներ էին։ 1939 թվականին կային 14 ռազմական ակադեմիաներ, ցամաքային զորքերի 63, ՌԾՆ-ի 14 ռազմական ուսումնարաններ, օդաչուական և օդաչուատեխնիկական 32 դպրոց։ 1935 թվականի սեպտեմբերին մտցվեցին անհատական զինվորական, 1940 թվականի մայիսից՝ գեներալական և ծովակալական կոչումներ։ Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն տվեց բարելավել զորքերի կազմակերպական կառուցվածքը։ Հետագա զարգացում ստացավ ռազմական ստրատեգիան, որի տեսական դրույթները ստուգվեցին 1939-1940 թվականներին՝ Խասան լճի, Խալխին Գոլ գետի շրջանում և խորհրդա-ֆինլանդական պատերազմում կարմիր բանակի մարտական գործողություններում։
Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) նախօրեին, խորհրդային բանակը դեռևս պատրաստ չէր դիմադրելու Նացիստական Գերմանիային։ Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ. ընթացքում չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Այնուամենայնիվ, 1941 թվականի հունիսի 22-ին, չնայած ստորագրված համաձայնագրին, Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Գերմանական զորքերը պատերազմի առաջին ամիսներին կարողացան հարյուրավոր կիլոմետրեր խորանալ ԽՍՀՄ տարածքում։ Մինչև 1941 թվականի հուլիսի 1-ը պահեստից զորակոչվեց 5, 3 միլիոն մարդ։ Երկրի տնտեսության հիմնական ճյուղերն անցան ռազմական արտադրության։ 1941 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց արտակարգ մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, Ստալինի նախագահությամբ), որը ղեկավարում էր երկրի ամբողջ կյանքը, միավորում թիկունքի և ճակատի բոլոր ուժերը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ 1941 թվականի օգոստոսի 8-ին ստեղծվեց Գերագույն գլխավոր հրամանատարության (ԳԳՀ) ռազմակայանը, որը ԶՈԻ-ի ստրատեգիական ղեկավարությունն իրականացնում էր Դլխավոր շտաբի միջոցով։
ԽՄԿԿ-ի և խորհրդային կառավարության արտակարգ միջոցառումների արդյունքներ
Այնուամենայնիվ, շնորհիվ Խորհրդային Միության ժողովուրդների, 1941-ի վերջին կանգնեցվեց ֆաշիստական զորքերի առաջխաղացումը Մոսկվայի, Լենինգրադի և կենսականորեն կարևոր այլ կենտրոնների մատույցներում։ Մոսկվայի ճակատամարտում (1941-1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, առաջին խոշոր պարտությունը հասցվեց հակառակորդին։ Կայծակնային պատերազմի (բլիցկրիգ) պլանը կասեցվեց։ 1942 թվականի ամռանը ռազմական գործողությունների կենտրոնը փոխադրվեց հարավ։ Գերմանական զորքերը ձգտում էին դեպի Վոլգա, Կովկաս, Դոնի և Կուբանի շրջանները։
Խորհրդային Միությունը բոլոր ջանքերը գործադրեց կանգնեցնելու հակառակորդին։
1942 թվականի ամռանը միայն գործող բանակում կար 5, 5 միլիոն մարդ, ավելացավ ռազմական արտադրությունը։ Ստալինգրադի ճակատամարտում (1942-1943) սովետական զորքերը նոր, խոշոր պարտության մատնեցին թշնամուն և իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը։ Այդ հաղթանակը սկզբնավորեց արմատական բեկումը ոչ միայն հայրենական պատերազմի, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ։ 1943 թվականին ռազմաարդյունաբերական արտադրանքն ավելացավ 17%֊-ով, իսկ ֆաշիստական Գերմանիայինը՝ 12%-ով։ ԽՍՀՄ ԶՈԻ-ի հզորության աճը, զորահրամանատարների զորավարական արվեստի կատարելագործումը հնարավորություն տվեցին խոշոր հաղթանակ տանել Կուրսկի ճակատամարտում (1943), որը ֆաշիստական Գերմանիային կանգնեցրեց ռազմական աղետի առջև։ ԽՍՀՄ ԶՈԻ, ինչպես նաև Հակահիտլերյան խմբավորման մնացյալ դաշնակիցները վճռական հաղթանակներ տարան 1944-1945 թվականներին։ 1945 թվականի սկզբին ԶՈԻ-ում ընդգրկված էր 11 միլիոն 365 հազար մարդ։ Ստրատեգիական հարձակողական գործողությունների (Լենինգրադի և Նովգորոդի մոտ, Ղրիմում, Աջափնյա Ուկրաինայում, Բելառուսիայում, Մոլդավիայում, Մերձբալթիկայում, Անդրբևեռում) հետևանքով Խորհրդային բանակը կարողացավ հետ մղել նացիստական ուժերի առաջխաղացումը ԽՍՀՄ տարածքում։
1945 թվականին սովետական զորքերն իրականացրին արևելապրուսական, Վիսլա-Օդերի օպերացիաները, իսկ Բեռլինի օպերացիայով վերջնականապես պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիային։ Կատարելով ստանձնած դաշնակցային պարտավորությունները ԽՍՀՄ 1945 թվականի օգոստոսին պատերազմի մեջ մտավ Կայսերական Ճապոնիայի հետ, ՄԺՀ-ի զորքերի հետ պարտության մատնեց ճապոնական Կվանտունյան բանակին և դերակատարում ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտելու գործում։
Ավելի քան 7 միլիոն մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 100 ազգի և ազգության 11600 ներկայացուցիչ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ ԶՈԻ ձեռք բերեցին նշանակալի մարտական փորձ։
ԽՍՀՄ ԶՈԻ-ի զարգացում
Հետագայում զարգացում ապրեց խորհրդային ռազմագիտությունը, առանձնապես ռազմական արվեստը։ 1945 թվականի սեպտեմբերին վերացվեց ՊՊԿ, դադարեցրեց իր գործունեությունը ԴԴՀ ռազմակայանը։ 1946 թվականի փետրվարին Պաշտպանության և ՌԾՆ-ի ժողկոմատների փոխարեն ստեղծվեց ԽՍՀՄ ԶՈԻ-ի միասնական ժողկոմատ, 1946 թվականի մարտին վերանվանվեց ԽՍՀՄ ԶՈԻ-ի մինիստրություն, 1953 թվականից՝ ԽՄՀՄ պաշտպանության մինիստրություն։ Պատերազմից հետո ստեղծվեց Հյուսիս-ատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)։ Սոցիալիստական ճամբարի երկրները, ՆԱՏՕ-ի օրինակով, կնքեցին Վարշավյան դաշինքը (1955)։ Պատերազմից հետո ԽՍՀՄ ԶՈԻ շարունակեց ժամանակակից զենքով և տեխնիկայով հագեցումը, ստեղծվեց միջուկային և ջերմամիջուկային զենք։
Զենքի և ռազմական տեխնիկայի որակական փոփոխությունն անհրաժեշտ դարձրեց էականորեն փոխել ԶՈԻ-ի անձնակազմի ուսուցման ձևերն ու մեթոդները և կազմակերպական կառուցվածքը։ Ստեղծվեցին ԶՈԻ-ի նոր տեսակներ՝ հակաօդային պաշտպանության (1954) և ստրատեգիական նշանակության հրթիռային (1960) զորքեր։ Մովետական ռազմական դոկտրինան ուներ պաշտպանական նպատակ։ Միաժամանակ այն նախատեսում էր ԽՍՀՄ ԶՈԻ-ի վճռական գործողություններ՝ ԽՍՀՄ-ի կամ սոցիալիստական ճամբարի մյուս երկրների նկատմամբ ենթադրյալ որևէ ագրեսիայի հակահարված տալու համար։ Մեծ փոփոխություններ կատարվեցին ԶՈԻ-ի բոլոր տեսակներում։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը նախատեսված էին լուծելու միջուկային պատերազմի ստրատեգիական խնդիրները, հագեցված են եղել միջմայրցամաքային և միջին հեռահարության գործողության հրթիռներով։ Ցամաքային զորքերը ԶՈԻ-ի ամենազանգվածային և բազմակողմանի մարտակազմով տեսակն էին։ Կազմված են եղել մոտոհրաձգային, տանկային, հրթիռային զորքերի և հրետանու, ՀՕՊ-ի զորքերի զորատեսակներից։ Օդադեսանտային զորքերը հագեցված էին ավիատրանսպորտի, ինքնագնաց հրետանու, ռեակտիվ, հակատանկային և զենիթային միջոցներով, զրահատրանսպորտյորներով և այլ մարտական տեխնիկայով։ Համաձայն ռազմական կանոնադրության, ՀՕՊ-ի զորքերի գլխավոր խնդիրն է եղել հնարավոր օդային ագրեսիային հակահարված տալը։ ՀՕՊ-ի կրակային ուժի հիմքը կազմում էին զենիթային հրթիռային զորքերը և ՀՕՊ-ի ավիացիան, որն ուներ գերձայնային հրթիռակիր կործանիչ որսիչներ։ ՌՕՈԻ կազմված էին հեռավոր գործողության, ճակատային, բանակային, ռազմատրանսպորտային ավիացիայից, ունեցել են տարբեր նշանակության ինքնաթիռներ։ ՌԾՆ ունի ստորջրյա և վերջրյա ուժեր, ծովային ավիացիա, ծովային հետևակ և առափնյա հրթիռահրետանային զորքեր։
Հատուկ զորքեր
Հատուկ զորքեր (ինժեներական, կապի և այլն) եղել են ԽՍՀՄ ԶՈԻ-ի բոլոր տեսակներում։
Ինժեներական զորքեր
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։
Ինժեներական զորքերն հագեցված են եղել ռազամական բարձր տեխնիկայով։
Կապի զորքեր
Կապի զորքերն ունեցել են ռադիո և ռադիոռելեային ու այլ միջոցներ, որոնք ապահովել են զորքերի ղեկավարությունը բոլոր պայմաններում։ Զինված ուժերի թիկունքը նախատեսված է եղել զորքերը և նավատորմը զենքով, տեխնիկայով, ռազմամթերքով, վառելիքով, պարենով ապահովելու, հաղորդակցության ճանապարհները, տրանսպորտային միջոցները նախապատրաստելու և վերականգնելու, զենքը և տեխնիկան վերականգնելու, բժշկական ապահովման և այլ խնդիրների լուծման համար։
Քաղաքացիական պաշտպանություն
Համաձայն ռազմական կանոնադրության, քաղաքացիական պաշտպանության գլխավոր խնդիրներն էին բնակչության և ժողովրդի տնտեսության պաշտպանությունը հակառակորդի զանգվածային ոչնչացման և այլ հարձակողական զենքի ազդեցությունից։ ԽՍՀՄ ԶՈԻ-ի գլխավոր վճռական ուժը համարվում էին ԽՍՀՄ քաղաքացիները։
ԽՍՀՄ ԶՈԻ և սոցիալիստական մյուս երկրների բանակների հետ մշտապես գտնվել է մարտական համագործակցության մեջ, որը սկզբնավորվել էր Ֆաշիստական Գերմանիայի դեմ մղած պատերազմում։
Ռազմական ակադեմիաներ
Խորհրդային առաջին ռազմական բուհը՝ Գլխավոր շտաբի ակադեմիան, ստեղծվել է Լենինի ցուցումով 1918-ին, 1921-ին վերանվանվել է ԲԳԿԲ ռազմ, ակադեմիա, իսկ 1925-ից կոչվել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա։ 1918-ին, Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), հիմնվել է թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիան (պատմությունը սկսվում է 1800-ից), 1919-ին (1938-ից Մոսկվայում)՝ Վ․ Ի․ Լենինի անվան ռազմական մայրաքաղաքի ակադեմիան, 1920-ին, Մոսկվայում՝ Ե․ ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան, 1932-ին, Մոսկվայում՝ Խորհրդային Միության մարշալ ռազմական ակադեմիաներ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան (Ֆ․ է․ Զերժինսկու անվան ռազմատեխնիկական ակադեմիաիդեմիայի մոտորավորման և մեքենայացման ֆակուլտետի և Մոսկվայի ավտոտրակտորային ինստիտուտի հիման վրա, սկզբնապես կոչվել է՝ ԲԳԿԲ-ի մեքենայացման և մոտորավորման ռազմական ակադեմիա, 1943-ից՝ կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացման ռազմական ակադեմիա, 1954-ից՝ զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա (1967-ից կրում է ռազմական ակադեմիա, Մալինովսկու անունը), 1932-ին, Լենինգրադում՝ Մ․ Մ․ Բուդյոննու անվան կապի ռազմական ակադեմիա, 1932-ին, Մոսկվայում՝ Խորհրդային Միության մարշալ Մ․ Կ․ Տիմոշենկոյի անվան քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիա, 1936-ին, Մոսկվայում՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմական ակադեմիայի օպերատիվ ֆակուլտետի հիման վրա, 1941-ից կրում է Կ․ Ե․ Վորոշիլովի անունը), 1940-ին, Մոնինոյում (Մոսկվայի մարգ)՝ Յու․ Ա․ Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (Գագարինի անվամբ է 1968-ից), 1941-ին՝ Խորհրդային Միության մարշալ Լ․ Ա․ Գովորովի անվան հակաօդային պաշտպանության ռազմաինժեներական ռադիոտեխնիկական ակադեմիան (1946-ից գտնվում է Խարկովում), 1953-ին, Լենինգրադում՝ Մ․ Ի․ Կալինինի անվան ռազմահրետանային ակադեմիան, 1956-ին, Կալինինում՝ Խորհրդային Միության մարշալ Գ․ Կ․ ժուկովի անվան հակաօդային պաշտպանության ռազմական, հրամանատարական ակադեմիան։ Գործում են նաև Մ․ Մ․ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան (հիմնվել է Պետերբուրգում, 1798-ին, երբ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ուսումնարանը վերակազմվել է որպես Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիա, 1881-ից՝ Ռազմաբժշկական ակադեմիա, 1934-ից կրում է Մ․ Մ․ Կիրովի անունը), Վ․ Վ․ Կույբիշևի անվան ռագմաինժեներական ակադեմիան (հիմնվել է 1819-ին Պետերբուրգում, 1855-ից որպես Նիկոլաևյան ինժեներական ակադեմիա, 1917-ից՝ ԲԳԿԲ Ռագմաինժեներական ակադեմիա, 1935-ից կրում է Վ․ Վ․ Կույբիշևի անունը), Ֆ․ է․ Զերժինսկու անվան ռազմ, ակադեմիան (հիմնվել է 1820-ին, Պետերբուրգում, 1855-ից՝ Միխայլովյան հրետանային ակադեմիա, 1919-ին վերանվանվել է ԲԳԿԲ հրետանային ակադեմիա, 1926-ից կրում է Ֆ․ է․ Զերժինսկու անունը, 1938-ից Մոսկվայում է), Մովետական Միության մարշալ Ա․ Ա․ Գրեչկոյի անվան ռազմածովային ակադեմիան (հիմնվել է 1827-ին, Պետերբուրգում, 1922-ին անվանվել է Բանվորագյուղացիական կարմիր նավատորմի ռազմածովային ակադեմիա)։ Հայրենական մեծ պատերազմի (1941 —1945) տարիներին ռազմական ակադեմիայի սաները նշանակալի ներդրում ունեցան Նացիստական Գերմանիայի և Կայսերական ճապոնիայի պարտության գործում։
Պատկերասրահ
Շարքի փոստային նամականիշները, 1928 թվական։ 10 տարեկան Կարմիր բանակ
Շարքի փոստային նամականիշները, 1938 թվական։ 20 տարեկան Կարմիր բանակ
Շարքի փոստային նամականիշները, 1948 թվական։ 30 տարեկան Խորհրդային բանակ
Շարքի փոստային նամականիշները, 1958 թվական։ 40 տարեկան ԽՍՀՄ զինված ուժեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 600)։