Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Աբխազիայի Հանրապետություն

Աբխազիայի Հանրապետություն
աբխ.՝ Аԥсны Аҳәынҭқарра (Ափսնի)
ռուս.՝ Республика Абхазия (Աբխազիյա)
Աբխազիայի դրոշ
Դրոշ
Աբխազիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Աիաաիրա
Հաղթանակ
Աբխազիայի դիրքը
Աբխազիայի դիրքը
Աբխազիայի դիրքը
Աբխազիայի դիրքը
Աբխազիայի դիրքը
ՄայրաքաղաքՍուխում[1]
665) 43°00′N, 40°59′E
Ամենամեծ քաղաք capital
Պետական լեզուներ աբխազերեն[1], պետական մարմիններում լայնորեն օգտագործվում է ռուսերենը[1]
Կառավարում Կիսանախագահական հանրապետություն
 -  Նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբ
 -  Վարչապետ Սերգեյ Շամբա
Անկախություն Սկսած Վրաստանից-ից 
 -  Հայտարարված 1992 թ. հուլիսի 23 
 -  Սահմանադրություն 1999 թ. հոկտեմբերի 2 
 -  Ճանաչում (Ռուսաստանից) օգոստոսի 26 2008 
Տարածք
 -  Ընդհանուր 8 665 կմ²  (163)
Բնակչություն
 -  2003 նախահաշիվը 216,000 (վիճելի) 
Արժույթ ռուսական ռուբլի, ափսար[1]
Ժամային գոտի UTC (ՀԿԺ+3)
 -  Ամռանը (DST) DST (ՀԿԺ+4)
Հեռախոսային կոդ +7 840 և +7 940

Աբխազիայի Հանրապետություն[1] (աբխազերեն՝ Аԥсны Аҳәынҭқарра, Ափսնը; Ռուսերեն՝ Республика Абхазия Ափխազեթի), դե ֆակտո անկախ հանրապետություն Սև ծովի արևելյան ծովափնյա հատվածում, Վրաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Ռուսաստանից հարավ։ Նախկինում՝ Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Վրացական ԽՍՀ-ի կազմում)։ Վրաստանի սահմանադրության համաձայն, համարվում է Վրաստանի մաս։ Փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում։ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26 օգոստոս 2008), Նիկարագուան (5 սեպտեմբեր 2008) Վենեսուելան (10 սեպտեմբեր 2009), Նաուրուն (15 դեկտեմբեր 2009) և Վանուատուն (23 մայիս 2011), ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան, չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը։ Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մասը։

Աբխազիայի Հանրապետության տարածքը կազմում է 8.7 հազար քառակուսի կիլոմետր (վիճարկելի)։ Աբխազիայում բնակվող հիմնական ազգերն են՝ աբխազները, հայերը, մեգրելները, վրացիները, ռուսները, ուկրաինացիները, հույները ու էստոնացիները։ 2003 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 215.972 մարդ։

Վարչական շրջաններ

Աբխազիայի վարչական շրջանների քարտեզ

Գագրայի շրջան

Գագրայի շրջանի ամենախոշոր բնակավայրեր են՝ Գագրան, Պիցունդան, Գեչրիպշը, Ցանդրիպշը և Բզիբը։ Շրջանը առանձնանում է բարձր ռեկրեացիոն պոտենցիալով։ Այս տարածքում է գտնվում Ռիցա լիճը։ Պսոու գետով սահմանակցում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասին։ Գագրա քաղաքը համարվում է զբոսաշրջային կենտրոն։ Քաղաքի բնակչությունը կազմում է 10.7 հազար (իսկ շրջանինը՝ 37 հազար)։ Գագրան գտնվում է Սոչիի օդանավակայանից 36 կմ հեռավորության վրա։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +15.2°С: Ձմեռը մեղմ տաք է, իսկ միջին ջերմաստիճանը կազմում է +7 °C։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մինչև 1300 մմ։ Լողանալու սեզոնը սկսվում է մայիս ամսվանից և ավարտվում է նոյեմբերին։ Ծովի ջուրը տաքանում է մինչև +26-28°С:

Գալիի շրջան

Գալիի շրջանով Աբխազիան սահմանակցում է Վրաստանին՝ Ինգուր սահմանային գետի միջոցով։ Բնակչության թիվը կազմում է 29.3 հազար։ Ըստ 2003 թվականի մարդահամարի տվյալներով՝ 98 տոկոսը կազմում են վրացիները և մեգրելները։ Գալին համարվում է Աբխազիայի ամենավտանգավոր և անկայուն շրջանը։ Այս շրջանում 17 գյուղ կա, որոնք բոլորն էլ գլխավորում են վրացիները և մեգրելները։ Իսկ շրջանային խորհրդի 25 պատգամավորներից միայն 4-ն են աբխազ։ Տեղացիները հիմնականում աճեցնում են վաճառքի համար՝ ընկուզենի, խուրմա, մանդարին և թզենի։

Գուլրիփշի շրջան

Գուլրիփշի շրջանը գտնվում է Սուխումի և Օչամչիրայի շրջանների միջև՝ Սուխում քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Տարածքի մակերեսը կազմում է 1834 կմ²։ Շրջանում ապրում է շուրջ 25-27 հազար մարդ, սակայն 2003 թվականի մարդահամարի տվյալներով շուրջ՝ 20 հազար։ Տարածքի մեծությամբ 2-րդն է՝ Օչամչիրայի շրջանից հետո։ Շրջանի բնական սահմաններն են՝ Կոդոորի և Քելասուր գետերը։ Գուլրիփշի շրջանում կան մի քանի փոքր լճեր և Աբխազիայի 2-րդ ամենամեծ լիճը՝ Ամտկյալը։ Ամենախոշոր բնակավայրերն են՝ Գուլրիփշը, Ցաբալը և Աժարան։ Գուլրիփշի շրջանը համարվում է Աբխազիայի խոշոր ցիտրուսային տնտեսության կենտրոն։

Կոդոր գետի դաշտում է գտնվում Դոպուկիտ բնակավայրը, որի տարածքում է հիմնվել էստոնացիների առաջին բնակավայրը Աբխազիայում և Սև ծովի կովկասյան ափում։

Աբխազիան ունի քրիստոնեական հարուստ մշակույթ։ Դրանդա գյուղի մոտ՝ Սուխումից 23 կմ հեռավորության վրա, բարձունքի վրա, Կոդոր գետից ոչ հեռու, գտնվում է Դրանդյան տաճարը (եկեղեցին), որը կառուցվել է 6-8-րդ դարերում։ Բացի տաճարից մեծ հետաքրքրություն է առաջացնում տաճարի տակ գտնվող բարձունքի քարանձավը։ Միջին դարերում Դրանդան համարվում էր եպիսկոպոսների նստավայր։ 1634 թվականին թուրքական դեսանտը այրեց տաճարը։ 1885 թվականին ստարաֆոնական քահանաների կողմից այն վերականգնվեց և վերածվեց տղամարդկանց մենաստանի։ Վերանորոգման ընթացքում տաճարի արտաքին տեսքը որոշակիորեն փոխվեց։ 1913 թվականին այստեղ արդեն կային 300 բնակիչներ, եկեղեցուն կից կառուցվեց նաև 50 երեխաների համար նախատեսված դպրոց, ժամանակի ընթացքում բազմաթիվ այլ կառույցներ կառուցվեցին, բայց 1928 թվականին այն փակվեց և թալանվեց։ Այժմ այդ համալիրի տարածքում գտնվող Աստվածամայր Ուսպենիա եկեղեցին համարվում է գործող, թեև կորցրել է իր նախկին հմայքը։

Բաբուշարա բնակավայրին մոտ կա օդանավակայան։ Օդանավակայանը նախատեսված է ընդունելու մինչև 300 մարդ ընդգրկող մարդատար ինքնաթիռներ և մինչև 200 տ բեռնատարողունակությամբ բեռնատար ինքնաթիռներ։ Գուլրիփշը համարվում է նաև առողջանային և զբոսաշրջային կենտրոն։ ԽՍՀՄ օրոք այստեղ կառուցել են տուբերկուլյոզի բուժման նպատակով սանատորիա։

Գուդաութի շրջան

Գուդաութի շրջանի խոշոր բնակավայրերն են՝ Գուդաութան, Նոր Աֆոնը և Լիխնին։ 2003 թվականին շրջանի բնակչությունը կազմել է 34․869 մարդ (1989 թվականին այդ ցուցանիշը կազմել է 54․334)։ Բնակչության էթնիկական կազմը հետևյալն է՝ աբխազներ՝ 79 %, հայեր՝ 12 %, ռուսներ՝ 6 %, վրացիներ՝ 1,7 %:

Գուդաութի շրջանը գտնվում է պատմական Բզիբ շրջանի տարածքում, որը համարվում է բզիբյան աբխազների ձևավորման կենտրոն, որոնք էլ խոսում են աբխազերենի բզիբյան բարբառով։ Մինչ 1992-1993 թվականների վրաց-աբխազական պատերազմի սկսվելը, Գուադաութի շրջանը միակն էր, ուր գերակշռում էին աբխազները՝ 53,1 %: Շրջանում կան մի քանի հայկական գյուղեր։ Բնակչությունը կենտրոնացած է ափամերձ նախալեռահարթավայրային տարածքում։ Գուդաութի շրջանի մակերեսը կազմում է 1640 կմ²։ Զբոսաշրջային կենտրոններ են համարվում Գուդաութը, Նոր Աֆոնը և Մյուսսերան։ Գուդաութան համարվում է զբոսաշրջանային կենտրոն 1926 թվականից, իսկ բնակչության թիվը 7,7 հազար է։ Այստեղ տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 1460 մմ։ Այս քաղաքում զբոսաշրջային սեզոնը տևում է ամբողջ տարի։ Այն հարուստ է ցիտրուսային բուսականությամբ, իսկ հյուսիսային և հյուսիս արևելյան կողմից՝ 15-20 կմ հեռավորության վրա, գտնվում են Կովկասյան լեռնաշղթայի բարձր գագաթները, որոնք տարին 7 ամիս ծածկված են ձյունով։ Լողանալու սեզոնը սկսվում է մայիսի կեսերից ներառյալ հոկտեմբեր։

Քաղաքի պատմությունը սկսվում է նեոլիթի ժամանակաշրջանից, երբ այստեղ կար ձկնորսների և հողագործների բնակատեղի՝ Քիստրիկ անունով։ Գուդաութ անունը առաջացել է Գուդոու գետակի անվանումից, որը հոսում է քաղաքի տարածքով։ Մեկ այլ տարբերակով՝ աբխազական լեգենդի համաձայն, հնում ապրել են պատանի Գուդան և Ութա օրիորդը։ Նրանք իրար շատ սիրում էին, սակայն չէին կարող միասին լինել իրենց ընտանիքների միջև թշնամության պատճառով։ Այդ իսկ պատճառով Գուդան իրեն գցում է գետը, որին հաջորդում է իր սիրելիի նույնատիպ արարքը։ 11-13-րդ դարերում քաղաքի մոտակայքում կառուցվել են բազմաթիվ ամրոցներ, դղյակներ և եկեղեցիներ։

Այս շրջանի տարածքում կան բազմաթիվ մշակութային կոթողներ։

Օչամչիրայի շրջան

Խոշորագույն բնակավայրերն են համարվում Օչամչիրան ու Մոքվան։ 2003 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 24629 (1989-ին՝ 75338)։ Իսկ էթնիկական կազմը ունի հետևյալ տեսքը՝ աբխազներ՝ 76,1 %, վրացիներ՝ 9,2 %(այդ թվում՝ մեգրելները), հայեր՝ 8,8 %, ռուսներ՝ 3,8 % և այլն։

Օչամչիրա քաղաքը համարվում է Պսոու-Ինգուր և Թքուարչալ-Օչամչիրա երկաթուղային ճանապարհների համար երկաթուղային հանգույց, միաժամանակ այն հանդիսանում է նաև Աբխազիայի հնագույն բնակավայրերից մեկը և գտնվում է Սուխում քաղաքից 55 կմ հարավ-արևելք։ 2003 թվականին քաղաքի բնակչությունը թիվը կազմել է 4700։ Օչամչիրա քաղաքը արտաքնապես գյուղի է նման։

Օչամչիրայի շրջանը մեծ մասամբ գտնվում է պատմական Աբժուա շրջանում, որում էլ ձևավորվել է աբխազերենի աբժուական բարբառը։ Շրջանում կա 3-ական հայկական և մեգրելական գյուղեր, մնացածը առավելապես աբխազական են համարվում։

Թքուարչալի շրջան

Թքուարչալի շրջանը կազմավորվել է 1994 թվականին՝ Օչամչիրայի և Գալիի որոշ տարածքների վրա։ Այս շրջանը վրացական փաստաթղթերում չի գործածվում։ Այս շրջանը կազմավորելիս 2 գյուղ, այդ թվում Թքուարչալը հանվել են Օչամչիրայի շրջանից և 8 գյուղ՝ Գալիի շրջանից։ Բնակչության թիվը 2003 թվականին կազմել է 14777 (1989-ին այդ ցունանիշը մոտ 42700 էր)։ Էթնիկակն կամզը հետևյալ տեսքը ունի. աբխազներ՝ 37.8%, վրացիներ՝ 55.2%(այդ թվում՝ մեգրելները), հայերը՝ 0.5%, ռուսները՝ 4.9% և այլն։

Թքուրչալը Աբխազիայի միակ քաղաքն է, որը գտնվում է, ոչ թե ծովափին, այլ լեռներում։ Քաղաքը գտնվում է Գալիձգա գետի ձորում և Օչամչիրայից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքը կիսաքանդ վիճակում է գտնվում։ Արդյունաբերության հիմնական ճյուղը և շրջանային բյուջեի գլխավոր մուտքը ապահովում է թուրքակական Թամսաշ ընկերությունը, որը քարածուխ է արդյունահանում՝ բաց եղանակով։ Թքուարչալը համարվում է Աբխազիայի ամենաերիտասարդ քաղաքը և նրա վերակառուցմանը աջակցում է ՄԱԿ-ի առաքելությունը։ Թքուրչալը զբոսաշրջային կենտրոն չի համարվում, սակայն զբոսաշրջիկները ժամանակ-առ-ժամանակ այցելում են այստեղ։ Առավել հայտնի են՝ Գալիձգայի ափին գտնվող բժշկող հանքային աղբյուրները։

Սուխումի շրջան

Սուխումի շրջանի բնակչության թիվը 2003 թվականին կազմել է մոտ 55 հազար է, իսկ տարածքի մակերեսը՝ 1523 կմ²։ Մայրաքաղաք Սուխումի բնակչության թիվը 2003 թվականին կազմել է 43.7 հազար։ Սուխումը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Մ.թ.ա. VI դարում այս տարածքում կառուցվել է հունական Դիոսկուրիա գաղութը։ Դարերի ընթացքում քաղաքը փոխել է բազմաթիվ տիրակալներ, պարբերաբար ավերվել և վերակառուցվել է։ 736 թվականին հայտնի է եղել Ցխում անվանումով և մտել է Աբխազական թագավորության կազմի մեջ։ Միջին դարերում այն մտել է վրացական թագավորության կազմի մեջ։ XVI դարի 2-րդ կեսից այն անցել է թուրքական տիրապետության տակ։ Թուրքական տիրապետության օրոք Ցխում անվանումը «թուրքացվել» է և վերածվել Սխում, իսկ հետո Սուխում։ 1810 թվականին Չաչբա իշխանը այն միացրել է Ռուսական կայսրությանը։ Ռուսական տիրապետության օրոք քաղաքը բարգավաճել է։ Իսկ 1990-ականների սկզբներին՝ ավերիչ պատերազմի տարիներին, անկում ապրել, սակայն այժմ այն վերակառուցվում և զարգանում է։ Վերականգնվել է 1840 թվականին կառուցված Բուսաբանական այգին, որը հայտնի է իր 300-ամյա կովկասյան լորենիով։

Պատմություն

Աբխազները (ինքնանվանումը՝ ափսուա) համարվում են Սև ծովի կովկասյան ափի հնագույն բնակիչները։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջին՝ ժամանակակից Աբխազիայի տարածքում ձևավորվեցին 2 խոշոր ցեղային միություններ՝ աբազգների և ափսիլների, որոնք հետագայում միացան և ձևավորեցին աբխազական ազգը։ Աբխազների կազմում առանձնանում են՝ 3 տարածքային խմբեր կամ բարբառներ՝ գուդաության կամ բզիբյան, աբժուական և սամուրզական։

Աբխազիայի ժամանակակից տարածքում հին հույները դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսին հիմնադրեցին մի շարք գաղութներ։ Հունական գաղութները իրենց զարգացման գագաթնակետին հասան մ.թ.ա. III-I դարերի ընթացքում։ Մ.թ.ա. II դարի վերջին և I դարի սկզբներին Աբխազիայի տարածքի զգալի հատվածը անցավ Միհրդատ Եվպատորի ազդեցության ներքո։ Հետագայում այն անցավ հռոմեական ազդեցության ներքո, միաժամանակ ձևավորվեցին մի քանի աբխազական իշխանություններ, որոնք գտնվում էին Հռոմի ազդեցության տակ։ IV-VI դարերում Աբխազիան մտավ Բյուզանդիայի (Բյուզանդական կայսրություն ) կազմի մեջ։ VI դարից Աբխազիան պարբերաբար ընկնում էր կամ բյուզանդացիների կամ պարսիկների կամ արաբների ազդեցության տակ։

VI դարից Աբխազիայում նաև սկսվեց Աբխազական թագավորության ձևավորումը։ VIII դարում Լեոն II (767-811) օրոք աբխազական թագավորությունը լրիվ անկախանում է բյուզանդական ազդեցությունից։ Աբխազական թագավորությունը ավելի է ամրապնդվում IX-X դարերում և սկսում է պայքար վրացական տարածքներում գերակա դիրք գրավելու համար՝ Կախեթիի և Թաո-Քլարջեթի թագավորությունների հետ։ Աբխազական թագավորներ Գեորգիի (մահացել է 955-ին) և Լեոն III-ի (955-967) օրոք Աբխազական թագավորության տիրապետության տակ են անցնում Կախեթի մարզի մի մասը և Թաո-Քլարջեթի հյուսիսային հատվածը, սակայն Դեմետրայի օրոք (967-975) թագավորության դիրքերը թուլանում են հօգուտ Թաո-Քլարջեթի և 975-ին Աբխազիան մտնում է ֆեոդալական վրացական ընդհանուր թագավորության մեջ, իսկ միավորմանը ամրապնդում է Լեոնների և վրաց Բագրատունիների դինաստիաների ամուսնությամբ։

XV դարում վրացական թագավորությունը մասնատվեց և աբխազական Չաչբա իշխանները ստեղծեցին անկախ իշխանություն։ 16-րդ դարում Աբխազիան ընկավ Օսմանյան կայսրության, ապա՝ Ռուսական կայսրության տիրապետության տակ։

Քանի որ կավից պատրաստված ցամաքեցման խողովակները քիչ էին օգնում, 19-րդ դարում Աբխազիայի տարածքում սկսեցին օգտագործել էվկալիպտ՝ տենդածառ (ավստրալիական բույս), այն հիանալի միջոց է լճային տարածքների համար, որը օրական մոտ 200 լիտր ջուր է քաշում։ Էվկալիպտե անտառները ստեղծվել էին սևծովյան ափամերձ տարածքներում, որոնք մինչ օրս կանգնած են աբխազական առողջարաններում։

1921 թվականի մարտի 28-ին ձևավորվեց Աբխազական Խորհրդային Սոցալիստական Հանրապետությունը։ Նույն թվականի վերջում Աբխազիան մտավ ՎՍՍՀ-ի մեջ։ 1931-ին Աբխազիան հանրապետությունից դարձավ սովորական ինքնավար հանրապետություն։ ԽՍՀՄ փլուզումից հետո Աբխազիան հռչակեց իր անկախությունը, որը չճանացվեց Վրաստանի կողմից։ Դա բերեց 1992-1993 թ թվականի վրաց-աբխազական պատերազմի։ 1998-ին Գալիի վրացի բնակիչները ապստամբեցին, որը բերեց հերթվական պատերազմի՝ 6-օրյա՝ 1998 մայիսի 20-26։ 2001-ին կրկին ռազմական գործողություններ տեղի ունեցան Աբխազիայի տարածքում։ 2006-ին վրացական զինված ուժերը գրավեցին Կոդորի կիրճը և այն վերանվանեցին Վերին Աբխազիա։ 2008 թվականի օգոստոսի 9-12-ը աբխազառուսական ուժերը ետ գրավեցին Կոդորի կիրճը։

Ավելացնենք, որ ներկայացվել են առավել լայնամասշտաբ վրաց-աբխազական գործողությունները։ Իրականում սահմանային հատվածում պարբերաբար զինված ընդհարումներ են տեղի ունենում։

Աբխազիայի ճանաչում

2008 թվականի օգոստոսի 21-ին Սուխումում տեղի է ունենում ցույց, ուր ժողովուրդը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ռուսական խորհրդարանի ճանաչելու Աբխազիայի անկախությունը։ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշ եղել է 2008-ի օգոստոսի 25-ին Ռուսաստանի խորհրդարանի նիստին և հռչակել խորհուրդին, թե ինքը վստահ կարող է ասել, որ Աբխազիան և Հարավային Օսիան բնավ մաս պիտի չկազմեն Վրաստանի[2]։

Բնակչություն

Աբխազիայում բնակվող հիմնական ազգերն են՝ աբխազները, հայերը, մեգրելները, վրացիները, ռուսները, ուկրաինացիները, հույները ու էստոնացիները։ 2003 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 215.972 մարդ, որոնցից.

Ազգություն Բնակչության թիվ Տոկոսային հարաբերություն
աբխազներ 94.606 43,8%
հայեր 44.870 20,8%
վրացիներ 42.355 19,6%
մեգրելներ 3.598 1,7%
ռուսներ 23.420 10,8%
հույներ 1.486 0,7%
էստոնացիներ 446 0,2%
ուկրաինացիներ 1.797 0,8%

Հայերը Սուխում քաղաքում կազմում են բնակչության 12,7 տոկոսը, Գագրայի շրջանում՝ 44,1, Գուդաութի շրջանում՝ 11,9, Սուխումի շրջանում՝ 61,4, Գուլրիփշի շրջանում՝ 47,5, Օչամչիրայի շրջանում՝ 8,8, Թքուարչալի շրջանում՝ 0,5 և Գալի շրջանում՝ 0,1 տոկոս։

Հայերը Աբխազիայում

Հայերը քիչ են ներկայացված կառավարման համակարգում իրենց թվաքանակի համեմատ։ 2010 թվականի սեպտեմբերին Սերգեյ Մաթոսյանը ընտրվել է Աբխազիայի պառլամենտի փոխնախագահ։ Նա պատգամավոր է եղել 1996-2000 թվականներին և 2-րդ անգամ ընտրվել է 2007 թվականին։ Մաթոսյանը նաև Աբխազիայի հերոս է[3]։

Աբխազիայի պառլամենտում կան 7 մշտական գործող հանձնաժողովներ, որոնցից Սոցիալական քաղաքականության հանձնաժողովի գործող նախագահն է Գ. Լ. Տրապիզոնյանը[4]։

Կառավարությունում, Ստանդարտների, մետրոլոգիայի և սերտիֆիկացիայի պետական կոմիտեի նախագահն է Ներսես Ա. Ներսեսյանը[5]։

Լուսանկարներ

Ռիցա լիճը պատկեր Պիցունդայից Նովոաֆոնի տաճարը Գագրա

Տես նաև

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 5. ISBN 978-99941-2-663-7.
  2. (անգլերեն) «Russian upper house seeks independence for Georgian rebel regions». 2008 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբխազիայի Հանրապետություն» հոդվածին։
Kembali kehalaman sebelumnya